Tuesday, March 12, 2013

Հացադուլը կարող է համագործակցության սկիզբ դառնալ. ՀՀԿ-ական


13:19 - 12.03.2013
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրենք սպասում էին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ընդունի ընտրությունների արդյունքները եւ շնորհավորի ընտրված նախագահին՝ Սերժ Սարգսյանին, որին, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, շնորհավորեց ամբողջ աշխարհը:
 Այն, որ «ամբողջ աշխարհը» շնորհավորեց Սերժ Սարգսյանին, չի ընդունում «Ժառանգություն» կուսակցության համակիր, բլոգեր Իզաբելլա Աբգարյանը: Նա էլ հայտարարեց, որ «ամբողջ աշխարհը» պետք է սպասեր` երկրում ընթացող զարգացումներն ավարտվեին, նոր, ըստ այդմ, առաջնորդվեր՝ շնորհավորել, թե` ոչ:
 ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ հիմա, երբ ընտրություններն ավարտվել են, հնարավորություն պետք է տրվի Սերժ Սարգսյանին, որ նա իրականացնի իր ծրագրերը: Այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անում, ՀՀԿ-ական տիկնոջ համար, հնարավոր է` ամենեւին էլ վերջը չլինի, հացադուլն էլ կարող է համագործակցության սկիզբ դառնալ: ՀՀԿ-ական պատգամավորի համար Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլն առավել հասկանալի կլիներ, եթե նա դիմեր դրան, օրինակ, ՍԴ որոշումը հրապարակելուց հետո, երբ արդեն «պատճառ կլիներ»:
Ռուզաննա Մուրադյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կմտածի, ողջամիտ որոշում կկայացնի եւ ժողովրդին առճակատման չի տանի: ՀՀԿ-ական պատգամավորը չի հասկանում` եթե նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը, ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանն իր կյանքը վտանգի տակ դնում:
 Մուրադյանը վստահեցրեց նաեւ, որ իրենք որեւէ մեկի դիակի վրայով չեն անցնելու, բայց երդման արարողություն լինելու է: Հարցին, թե ի՞նչ է պատրաստ զիջել, ինչի՞ն է պատրաստ համաձայնել իշխանությունը, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ ամեն ինչ պետք է լուծվի երկխոսության միջոցով, իսկ այն, որ իշխանությունը երկխոսության ձեռք մեկնեց Րաֆֆի Հովհաննիսյանին, դա էլ արդեն քայլ էր իշխանության կողմից:
 Ի դեպ, Իզաբելլա Աբգարյանը ՀՀԿ-ական պատգամավորին հրավիրեց միասին այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին: Ռուզաննա Մուրադյանը թեեւ մերժեց` պատճառաբանությամբ, որ հիմա հանդիպման է, չի կարող, բայց չբացառեց, որ հետո կայցելի:

No comments:

Post a Comment